Մարտի 16-ի ներկայացումը կխաղացվի արտակարգ իրավիճակի չեղարկումից անմիջապես հետո

Յուրաքանչյուր 10-12 օրը մեկ, vahramTV-ով կարող եք դիտել նոր մանրապատում՝ Վահրամ Սահակյանի մասնակցությամբ։

Դրանք կշարունակվեն մինչեւ 2021 թվականի փետրվար-մարտ ամիսները։ Դիտել հիմա։

(placeholder)

     - Դե հիմա գիտե՞ք ինչ կա, երբ մարդը պայքարում ա, նա պիտի պատրաստ լինի մեռնելու։

     - Ո՞վ պատրաստ լինի մեռնելու։

     - Հեղափոխական առաջնորդը։

     - Հեղափոխական առաջնորդը միշտ էլ պատրաստ է մեռնելու...

     - Բայց միշտ մեռնում է անպատրաստ ժողովուրդը։

     Ես արդեն անկարող էի լսել, թե սրանք դեռ ինչեր են ասելու։ Լուրջ հոգնել էի։

     - Հիմա ես ձեզ համար,- ասացի,- նորություններ, նորարարություններ, հեղափոխություններ եւ նման այլ պիդրություններ սիրողներ ջան, ես մի ողբերգական դրվագ կպատմեմ հայոց պատմությունից, որի մասին շատերը գիտեն, բայց դուք հաստատ չգիտեք։ Ու այդ ողբերգական դրվագը կոչվում է «հեղափոխություն-ողբերգություն» կամ «Հեղորգություն»։ Կարող եք գնալ, կարող եք մնալ, բայց ինչ էլ լինի, մեկ է, մի օր կիմանաք այս ամեն ինչը։

     Իսկ այս ամեն ինչը սկսվեց այն պահին, երբ երիտթուրքերը կանչեցին հայ կուսակցականներին եւ ասացին,-

     - Տղերք ջան։ Մենք պետք է միասնաբար պայքարենք սուլթանական վարչակարգի դեմ։ Ի՞նչ կասեք։

     - Մենք կասենք, որ մենք զզվում ենք Համիդից ու իր վարչակարգից, դրան գցել է պետք։

     - Այո, պետք է Համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալել եւ Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատել։

     - Դե դուք գնացեք զբաղվեք, մենք ձեզ կկանչենք,- ասաց երիտթուրքերից մեկը։

Հետո նորից երիտթուրքերը կանչեցին հայ կուսակցականներին եւ անկեղծ, ինչպես ասում են՝ մաքուրով ասացին,-

     - Սիրելի հայ կուսակցականներ, մի բան պիտի ասենք, որ հանկարծ հետո անախորժ խոսակցություններ չբացվեն։

     - Ասեք, տղերք ջան, դուք հեղափոխական, մենք հեղափոխական, իրարից թաքցնելու բան չունենք, հեղափոխականները իրար լավ են հասկանում։

     - Լինել հեղափոխական՝ կնշանակի լինել եղբայր,- ավելացրեց հայ կուսակցականներից մյուսը։ Այսինքն՝ մյուս էշը:

     - Եղբայր եմք մենք,- ասաց չորրորդ թերին։

     - Ուրեմն տեսեք,- սկսեց գլխավոր երիտթուրքը,- մենք հիմա, մեր հեղափոխական տղերքով ձեզնից խնդրում ենք, որ դուք անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր չփայփայեք, եղա՞վ։

     - Ո՞նց, տղերք ջան,- գոչեցին հայ կուսակցականները,- բայց մենք անկախություն ենք սիրում, մենք ինքնավարություն ենք ուզում…

     Մյուսն էլ թե,-

     - Մենք պետություն ենք ուզում, կյանքում չենք ունեցել, ուզում ենք ունենանք, որ տեսնենք դա ինչ է… Ունենանք, որ խաղանք հետը, զբաղվենք։

     - Հա, էլի, բա մենք էլ ինչի՞ համար ենք տապալում Համիդի ռեժիմը,- շարունակեց առաջինը,- ինչի՞ համար ենք գոռում «Համիդ հեռացիր», ինչի՞ ենք մերժում Համիդին։

     - Մեռնենք ձեր մերժողական արտաքինին,- ասացին երիտթուրքերը,- բայց մեր շնորհիվ դուք կարող եք «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք» ստանալ։

     Թուրքերից մեկն էլ թե,-

     - Քիչ ա՞, արա։

     - Բա հիմա մենք ի՞նչ անենք։

     - Ի՞նչ պիտի անեք, պիտի որպես քաղաքական ուժ համախմբվեք, որպեսզի դա բախտորոշ նշանակություն ունենա շարժման ընթացքի համար։

     - Լավ, տղերք ջան, ոնց կասեք, կարեւորը մեր հեղափոխական արժեքները հաղթանակեն։

     Եւ կուսակցականները համաձայնեցին։ Նրանք միացան, Համիդին գցեցին, երիտները հաղթեցին։

     Բոլորն ուրախ էին ու գոհ։

     Գրիգոր Զոհրապն էլ ընտրվեց թուրքական խորհրդարանի անդամ եւ արեւմտահայության ապագան նա տեսնում էր Օսմանյան պետության կազմում ներքին լայն իրավունքներով: Ավելին, Գրիգոր Զոհրապը հայերի եւ թուրքերի հաշտեցման ու եղբայրության ջատագովն էր, «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»: Զոհրապը, թերեւս, աշխարհաքաղաքացի էր: Նա չէր ուզում անկախություն։ Ու ոչ ոք չէր ուզում անկախ պետականություն։

     Սենց լավ էր։

     «Հայկական հարցը պետք է լուծվի Օսմանյան կայսրության սահմաններում» ասում էին գրեթե բոլոր առաջադեմ հայերը, որոնք դարձել էին թուրքերի սիրելի հարեւանները։

     Նրանք սիրում էին իրար։ Թուրք պաշտոնյաներն անգամ քծնում էին հայերին, համակրում էին նրանց։

     Սահմանադրական պետություն, դա կատակ բան չի, հայեր, իմացեք։

     Դա լավ բան է, դա նորույթ է, դա հեղափոխական գաղափարների իրականացում է։

     Դա կայֆ է, հայեր։ Սիրեք դա, հավատացեք, պաշտեք։

     Հիմա ձեզ տեղ ենք տալու խորհրդարանում, սպասե՛ք, հիմա։

     Եւ Օսմանյան խորհրդարանը ձեւավորվեց։ Եւ ոչի՞նչ, որ Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուն գրեց «Թուրքերն ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեցին, բայց միայն ամենուրեք հաջողացրեցին թուրքերի ընտրությունը …»:

     Ընտրակեղծի՞ք։ Այդ բառին էլ ձեզ ծանոթացրին։ Խախտումնե՞ր, դա էլ կլինի, ստացեք.

     Ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրել… բողոքե՞ք, ինչի՞ չեք բողոքում… Հա… հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանել… սա ճիշտ է՞, սա լավ է՞… հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկել… սա էլ վատ չի… բացահայտ եւ ծածուկ խախտումներ…

     Էս ո՞նց է լինում, հայեր… հը՞… անփորձ էի՞ք, թո՞ւյլ էիք…

     Բայց ո՞նց եղավ, երբ ձեզ առաջարկեցին, ասեցին «Դուք պիտի որպես քաղաքական ուժ համախբմվեք, որպեսզի դա բախտորոշ նշանակություն ունենա շարժման ընթացքի համար», դուք ասացիք՝ «Լավ, տղերք ջան, ոնց կասեք, կարեւորը մեր հեղափոխական արժեքները հաղթանակեն»։

     Բա արժեքներն էլ հաղթանակում են, ճաշակեք։

     Կհարցնեք՝ ո՞նց, կասենք ոնց։

     Այ էսպես. 1915 թվականի հունիսի 2-ին Գրիգոր Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում բլոտ էր խաղում Թալեաթ փաշայի ու Հալիլ բեյի հետ։ Խաղում էին ուրախ, կատակներ փոխանակելով։ Դա տեւեց մինչեւ կեսգիշեր, ապա Զոհրապը ոտքի կանգնեց՝ տուն գնալու համար։ Թալեաթ փաշան նույնպես ոտքի կանգնեց եւ համբուրեց նրան։

     Զոհրապը չզարմացավ, չմտածեց՝ «Մի րոպե, ախպեր, սա ինչի՞ սենց համբուրեց ինձ, вроде бы սա գ7 չէր… հը՞… թե՞…»։

     Բայց, համենայնդեպս հարցեց,-

     - Ինչի՞ համար էր այս համբույրը, Մեհմեդ։

     - Սրտիցս բխեց,- պատասխանեց Թալեաթը եւ այդ սրտից բխելուց քսան րոպե հետո, փողոցում Զոհրապին մոտեցավ մի թուրք ոստիկան, նրան հրավիրեց ոստիկանատուն, այնուհետ տեղեկացրին, որ Զոհրապին շրջագայություն է սպասվում, նրան կցեցին նաեւ նոր ձերբակալված բժիշկ Վարդգեսին, գնացքով տարան, տարան, տարան, հետո կառքով տարան, տարան, տարան ու ճանապարհին հայտնված չեչենների պետ Խալիլ Բեյը նրան կառքից իջեցնելով՝ երկուսին էլ արյունաքամ արեց ու վերջում էլ քարով փշրեց Զոհրապի գլուխը։

     Երիտթուրքերի բժիշկներից մեկն էլ իր զեկույցում գրեց, որ Զոհրապի մահվան պատճառը սրտի      կաթվածն է եղել…

     Այսքանը։

     Հիմա ի՞նչ, տղերք ջան, կասեք, որ սա ողբերգություն չի՞, կասեք, որ սա մասնակի դեպք է, սա կարեւոր չի՞։

     Մեկուկես միլիոն մարդու բնաջնջելը կարեւո՞ր չի՞…

     Իզուր էլ խոսում էի։

     Մեկ է, գիտեի, որ ցանկացած հեղափոխականի համար կարեւորը արյունահեղությունն է եւ վրեժխնդրությունը, որովհետեւ ցանկացած հեղափոխական եւ ցանկացած հեղափոխականի սատարող՝ հոգու խորքում վիժվածք է, իսկ էությամբ պոռնիկի զավակ։





ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԿՈՏՈՐԱԾԻ ԿԱՆԽԱՊԱՅՄԱՆ

(հատված «ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» վեպից)